ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԽԱԾԱԾԿՈՒՅԹՈՒՄ

ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԽԱԾԱԾԿՈՒՅԹՈՒՄ
28.06.2011 | 00:00

Երբ Մինաս Ավետիսյանի «Խաչքարի մոտ» և «Հանդիպում» որմնանկարները ՀՀ կառավարության 2010 թ. հունիսի 17-ի թիվ 734-Ա որոշման համաձայն տեղափոխվեցին Երևան, արվեստասեր հանրությունը չմտահոգվեց դրանց հետագա ճակատագրով։ ՀՀ մշակույթի նախարարության գործունեության 2011-ի գերակա խնդիրներին լավատեղյակները կատարվածն ընկալեցին որպես մշակութային վտանգված ժառանգության պահպանությանը միտված հերթական միջոցառում։ ՀՀ կառավարության շենքում «Մինաս Ավետիսյան» մշակութային հիմնադրամի (գործադիր տնօրեն` Ազատ Թովմասյան) միջոցներով հայ և իտալացի մասնագետների իրականացրած վերականգնողական աշխատանքները բարձր գնահատականի արժանացան։ ՀՀ-ում ներկայումս հաշվառված ավելի քան 24000 հուշարձանների և թանգարանային ֆոնդերում պահվող 1738678 միավոր առարկաների մեծամասնությունը կարոտ է մասնագիտական փրկարար խնամքի։ Նույն Գյումրիում քաղաքի գեղարվեստական կերպարին ինքնատիպություն հաղորդող քանի՜-քանի հնամենի հուշարձաններ, արդյունաբերական բազմատեսակ ձեռնարկությունների պատերը զարդարող մոնումենտալ գեղանկարչության ընտիր նմուշներ, խճանկարներ փլուզվեցին կամ խարխլվեցին 88-ի երկրաշարժի ավերիչ ուժով։ Խորհրդային իշխանությունների պատվերով ժամանակի անվանի արվեստագետների վրձնած ու կերտած մշակութային մեծաքանակ արժեքների վերականգնումը անկարելի էր կիսակործան Շիրակի ունեցած սուղ միջոցներով։ Ասենք, երկար ժամանակ ոչ մի կերպ չէր կանոնավորվում մարդկային ամենահամեստ կեցությունը։ Որքան էլ վարարեր աղետի գոտի հոսող միջազգային հումանիտար օգնության գետը, չէր կարող բավականացնել փլատակներից համակողմանի ազատագրվելուն։ ՈՒստի, երկարաձգելով, պիտի անմխիթար վիճակում հայտնվեին Հ. Մինասյանի, Ա. Մելքոնյանի, Ռ. Պետրոսյանի, Ա. Պարսամյանի, Ֆ. Մանուկյանի, Կ. Սմբատյանի, Զ. Գրիգորյանի, Ռ. Հովնաթանյանի, Ս. Հովսեփյանի, Հ. Հակոբյանի և շատ ուրիշների ստեղծած (անցյալ դարի 60-70-ականներին) բարձրարվեստ ստեղծագործությունները։ Չլիներ Մինաս Ավետիսյանի որդիների անձնական շահագրգռությունը, հազիվ թե փրկության հնարներ գտնվեին Գյումրիում վրձնած նրա ծավալուն աշխատանքների մի մասի համար։
Գյումրեցիները տագնապելու առիթ չէին տեսնում առաջին երկուսը վերականգնելու նպատակով Երևան տեղափոխելիս։ Արման Ավետիսյանի և իրենց հանձնախմբի գործողությունները ծավալվում էին «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի և Գյումրիի քաղաքապետարանի միջև կնքված համաձայնագրի (04 փետրվար 2011 թ.) շրջանակներում։ Բայց երբ հայկական բնածին անհամերաշխությամբ Մինասի որդին պատերից իջեցված ու 2 օր փաթեթավորված որմնանկարները լռելյայն Երևան տեղափոխեց այն պահին, երբ իրենց ներկայացուցիչները ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ մանրակրկիտ քննարկում էին Գյումրիում դրանց պահպանման այլընտրանքային պայմանները, իրենց մշակութային ժառանգության մաս-մաս տարհանման հերթական փաստից փոթորկվեցին։ Եվ զայրույթի ալիքը այլևս չխաղաղվեց։ Մայրաքաղաքի իշխանական դղյակներին անզիջում բախվելով` տեղական կառավարման մարմինների ու նրանց արդարացի պահանջին ստորագրահավաքներով միացած հարյուրավոր քաղաքացիների անզիջում պայքարը սրվեց։ Անհաշտությունը կառավարության ընդունած որոշման հետ բարձրագոչ աղմուկով լցրեց Երևանը։ Երերաց հավատը նախարարական խոստումների հանդեպ։ Իտալիայի արտգործնախարարության հետ կնքված համագործակցության շնորհիվ ստեղծված երևանյան վերականգնողական 4 լաբորատորիաներում (որմնանկարներինը` «Էրեբունի» արգելոց-թանգարանում) իրենց փլուզվող արժեքները իրենց քաղաքի համար պահպանելու պայծառ ապագան մթագնեց իսկույն։ Չնայած ուշացումով 5 գյումրեցի երիտասարդներ էին ընդգրկվել մասնագիտական դասընթացներում։ Մինասի «Գորգ են գործում» որմնանկարը սեփական աշխատասենյակում սեփական միջոցների ներդրմամբ ունենալու շուրջ բանակցում են գարեջրի «Կիլիկիա» գործարանն ու ԱԺ-ն։ Արման Ավետիսյանը, տագնապելով հոր ժառանգության ուշահաս ծանրակշիռ օգնության նորաբաց երակները ցամաքեցնելուց, ամուր կանգնել է իշխանական թևի կողքին։
Գուցե թե անաղմուկ իրագործվեր նաև «Երկանք» և «Թել են մանում» որմնանկարների տեղափոխությունը Գյումրիից Երևան, եթե պատվախնդիր գյումրեցիներին առօրյա սրտմաշուկ հոգսերի թմբիրից չսթափեցներ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհուրդը (նախագահ` Լևոն Բարսեղյան) ՀՀ կառավարության 2011 թ. ապրիլի 28-ի 500-Ա որոշմամբ դրանք «Արմենիա օդանավակայաններ» ՓԲԸ-ին տրամադրելու ահազանգով։ Որմնանկարների վերականգնման ծախսերը հոգալու դիմաց ՓԲԸ-ի սեփականատեր Էդուարդո Էռնեկյանին դրանց անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքը շնորհող վերին ատյաններում, հավանաբար, հիշողության ակնթարթային կաթված էին ստացել անհատ ձեռներեցի միջոցներով 2 որմնանկարները ոչնչացումից առանց որևէ լումա (ուղիղ և անուղղակի իմաստով) «մսխելու» փրկագնած չինովնիկները։ Չէին էլ մտածել, որ դրանց «օգտագործումը» արտոնելու «պատմական իրավունքը» «Զվարթնոցի» փոխարեն Գյումրու օդանավակայանում կարելի էր կիրառել. ժամանակին 200 մլն դրամի հող և գույքահարկ էին զիջել Էռնեկյանին Գյումրու օդանավակայանը ձեռք բերելիս։
Գյումրի քաղաքի պատմամշակութային անշարժ հուշարձանների ու շարժական արժեքների պահպանության հանձնախումբը, փաստորեն, վեր էր հանել հին ու նոր բոլոր ճշմարտությունները և, համակարգված հանրայնացնելով, արհեստների ու արվեստների բնօրրանի ներկա բնակչության կենտրոնական մտահոգության առարկան էր դարձրել մշակութային սեփական գանձանակի հանիրավի ու անարգել պարպման շուտափույթ կասեցումը։ Տեղաբնակներն իրենց միջոցներով ի զորու էին եղել 1989-ին Մինասի միայն մի որմնանկարը վերականգնելու և տեղադրելու թատրոնի շենքում։ Ազատանում և Վահրամաբերդում արված որմնանկարների վերականգնման համար արդեն քանի տարի պետական բյուջեում 7-8 մլն դրամ է նախատեսվում, ապա հանվում «օրակարգից»։ Վերին բարեհաճությամբ սկիզբ առած այս գործընթացը հանրային ունեցվածքի վայրիվերո սեփականաշնորհմանը հարազատ աղերսներ է ի հայտ բերում մշակութային ժառանգության պահպանման թափանցիկ սքեմի տակից։ «ՀՀ պետական բյուջեում ծախսեր և եկամուտներ չառաջացնող» համանման մասնավոր գործարքների խրախուսմամբ չէ՞ր, որ Հայաստանի իրական անկախության կարևորագույն մի շարք լծակների կառավարման վահանակներն այսօր օտարների տնօրինությանն են վստահված։ Արժեքների անխնա փոշիացմամբ չէ՞ր, որ հասցրինք 3-րդ հանրապետության պետական բյուջեն (հարկերով ու անմարելի պարտամուրհակներով լցված) նոր միջազգային վարկեր ստանալու համար սեփական ռեսուրսների անբավարարության սահմանին` սեփական ժողովրդի գոյատևման փրկությունը ինքնաբերաբար տեղափոխելով հայրենի երկրի սահմաններից դուրս։
Մայրաքաղաքի սահմաններից որքան հեռանում ես, այնքան ավելանում են դատարկված-լքված շեները։ Կար ժամանակ, երբ ընտանիքի առօրյա կարիքները հոգալու վաստակ փնտրելու նպատակով օտար ափերում արտագնա աշխատանք էին փնտրում հիմնականում տղամարդիկ։ Հոգևոր-մշակութային քաղցի խորացմամբ, իրենց բնակավայրերում անարև ապրելուց հոգնած նրանց ընտանիքի անդամներն էլ գերադասում են տարագրվել` քիչ թե շատ կենսաթրթիռ առօրյայով ապրելու ավելի հուսալի նեցուկ գտնելով օտար երկրներում։ Սպիտակ ջարդը մեր ժամանակներում ահռելի չափերի է հասել` առանց յաթաղանի հայաթափելով նորանկախ Հայաստանը։ Այս պարագայում հայրենադավ հանցագործություն է հանրապետության տարածքում, երբեմնի խոշոր քաղաքներում սփռված մշակութային գանձերի տարերային կենտրոնացումը մայրաքաղաքում։ Դրանց պահպանության հանձնումը անհատ ձեռներեցներին, եթե իսկապես պահի հրամայականով է թելադրված, հարկ է պետական պարտավորագրերով հենց տեղերում ամրագրել։ Զուր եք կարծում, թե գյումրեցիների դժգոհությունը սոսկ տեղական փքուն հայրենասիրության պոռթկում է, նախընտրական նորաոճ հանդիսանք։ Հին ու նոր ճշմարտությունների անթեղված կրակը նրանք դյուրությամբ բորբոքեցին։ Որովհետև տարբեր մութ գործարքների դեմ հավաքական ընդվզման հանրային պահանջը վաղուց էր հասունացել։ Որովհետև նույն Մինաս Ավետիսյանի «Գիշեր և ցերեկ», «Հովվերգություն», «Հայաստան» որմնանկարներն այլևս վերականգնման ենթակա չեն։ Եվ դեռ երկար կհնչի գյումրեցիների դժգոհության աղմուկը, կհորդի եթերից ու լրագրերից, կստիպի ականջ դնել արդարության ձայնին։ Ո՞վ գիտե, գուցե հոգևոր-մշակութային այս ահազանգը համազգային սթափության նոր ազդակ դառնա։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2351

Մեկնաբանություններ